Դանիան Գերմանիային է վերադարձրել փախստականներին

09:42 • 09.09.15

Դանիան Գերմանիա է ուղարկել փախստականների առաջին խմբին, որոնք ավելի վաղ ժամանել էին թագավորություն հենց այդ երկրից, գրում է Deutsche Welle-ն։

 

«Այդ մարդիկ չէին ցանկանում ապաստան ստանալ Դանիայում և անօրինական էին գտնվում այստեղ։ Նրանք արտաքսվել են, և նրանց արգելված է հետ վերադառնալ 2 տարվա ընթացքում»,- մեկնաբանել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։

 

20 փախստականներ ավտոբուսներով տեղափոխվել են Գերմանիայի սահման։ Մյուսները հետ կուղարկվեն փաստաթղթերի մշակումից հետո։

 

Ավելի քան 800 փախստականներ նախորդ շաբաթվանից գտնվում են Դանիայի տարածքում։ Նրանցից ընդամենը մի քանիսն են ապաստան խնդրել։

 

Մեծամասնությունը ցանկանում է Շվեդիա հասնել, որի իշխանությունները գրեթե բոլոր սիրիացի փախստականներին երկարատև մնալու թույլտվություն են տալիս։ Դանիան, ի տարբերություն հարևան երկրի, միայն ժամանակավոր կեցության փաստաթուղթ է տալիս և ավելի քիչ սոցիալական վճար։