Աշխարհում 750 մլն չափահաս մարդ անգրագետ է. ՄԱԿ
Khasar Sandag/World Bank
Աշխարհում 750 միլիոնից ավելի մարդ անգրագետ է մնում, ընդ որում՝ նրանց երկու երրորդը կանայք են: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ սեպտեմբերի 8-ին աշխարհում նշվող Գրագիտության միջազգային օրվա առնչությամբ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դա նշանակում է, որ երկրագնդի ամեն տասներորդ բնակիչ չգիտի գրել ու կարդալ։
«Դպրոցական տարիքի մոտ 250 միլիոն երեխա չունի գրագիտության հիմքերը, 124 միլիոն երեխա և դեռահաս չի հաճախում դպրոց»,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ուղերձում։
Բան Կի Մունը կոչ է արել կառավարություններին և բիզնեսներին միավորել ջանքերը և հասնել նրան, որ համընդհանուր գրագիտությունն ապագայում իրականություն դառնա։
Գրագիտության միջազգայն օրը հռչակել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ 1966 թվականին։










