Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորը պատմել է կուսակցության վրա իրականացված հարձակման մանրամասները
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության պատգամավոր, հայ գործիչ Կարո Փայլանը դատապարտել է Անկարայում իր կուսակցության շենքի վրա իրականացված հարձակումը, գրում է «Ակօս»-ը։
Թուրքիայի շատ շրջաններում HDP-ի գրասենյակների վրա հարձակումներ են իրականացվել: Հարձակման է ենթարկվել նաև կուսակցության՝ Անկարայում գտնվող գլխավոր գրասենյակը։
«Մինչ երեկո ոստիկանությունը հսկում էր շենքի մուտքը: 19:30-ին ծայրահեղական խմբերը սկսեցին հավաքվել շենքի մոտ: Ոստիկանությունը նրանց ճանապարհ տվեց, ինչից հետո նրանք սկսեցին կոտրել ապակիները, իսկ վերջում փորձեցին հրկիզել շենքը: Սա շատ մեծ սադրանք է»,-ասել է հայ գործիչը՝ նշելով, որ այդ ամենը հակասում է խաղաղ և համատեղ ապրելու սկզբունքներին։
Փայլանը նշել է, որ նման հարձակումներն այլ բռնկումներ սկսելու նպատակով են արվում։
«Կուսակցության գլխավոր գրասենյակն այրելը թույլ տալը ոտնձգություն է այդ կուսակցության գաղափարների նկատմամբ»,- ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կոչ էր արել պահպանել հասարակական կարգն ու դատապարտել էր լրատվամիջոցների շենքերի, քաղաքական կուսակցությունների ու քաղաքացիների մասնավոր սեփականության դեմ հարձակումները։










