Փախստականներին հարվածող լրագրողին հեռացրել են հունգարական հեռուստաալիքից (տեսանյութ)
Հունգարական ծայրահեղ աջակողմյան N1TV հեռուստաալիքի օպերատորը հարվածել է փախստականներին, ովքեր ճեղքել են ոստիկանական պատնեշը Ռոսկե քաղաքում գտնվող ճամբարի մոտակայքում: Այն բանից հետո, երբ նրա գործընկերների նկարահանած կադրերը հայտնվել են համացանցում, նա հեռացվել է աշխատանքից, գրում է lenta.ru-ն։
Այլ լրագրողների կողմից նկարահանված տեսանյութերում երևում է, թե ինչպես է Լասլո Պետրան հարվածում նրա մոտով վազող փոքր աղջկան, այնուհետև՝ ձեռքերին երեխա պահած տղամարդուն, ով հարվածների պատճառով ընկնում է: Այդ կադրերը սկանդալ են առաջացրել սոցիալական ցանցերում:
Մասնավորապես` Facebook-ում հեռուստաալիքի էջում հայտնվել են տարբեր լեզուներով հրապարակումներ՝ «Խայտառակություն», «Ֆաշիստներ»:
Հեռուստաալիքն օպերատիվ կերպով արձագանքել է միջադեպին: Գլխավոր խմբագիր Շաբոլչ Կիսբերը Facebook-ի իր էջում գրել է, որ լրագրողն անընդունելի պահվածք է դրսևորել փախստականների ճամբարում: «Նրան ուղարկվել է աշխատանքից հեռացման մասին ծանուցում: Դրանով մենք համարում ենք գործը փակված»,- հայտնել է նա:
Սեպտեմբերի 8-ին Սերբիայի հետ սահմանի մոտակայքում գտնվող հունգարական Ռոսկե քաղաքում մոտ հազար փախստական ճեղքել է ոստիկանական պատնեշը և ուղղվել ոտքով դեպի Բուդապեշտ՝ հույս ունենալով հասնել մինչև Գերմանիա։










