Եվրախորհրդարանը փախստականների իրավունքների վերաբերյալ բանաձև է ընդունել
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որում անհանգստություն է հայտնում Եվրոպական միության անդամ երկրներում ապաստան փնտրող մեծ թվով փախստականների իրավունքների ոտնահարման առնչությամբ։
«ԵՄ-ի միգրացիոն քաղաքականության հիմքում պետք է ընկած լինեն համերաշխության և ներգաղթյալների, ապաստան խնդրողների հիմնարար իրավունքներն ու ազատությունները հարգելու գաղափարները: Բնակչության ամենախոցելի խավերի համար պետք է ապահովվի ապրելու հիմնական նվազագույն մակարդակը, որը կպաշտպանի նրանց քաղաքացիական, տնտեսական, մշակութային ու սոցիալական իրավունքները»,- բանաձևից մեջբերում է korrespondent.net-ը։
Բացի այդ, փաստաթղթում նշվում է, որ «ԵՄ-ն պետք է արմատական քայլեր ձեռնարկի ծովում ներգաղթյալների հետ կապված ողբերգությունները կանխելու համար»:
Աղբյուրը հավելում է, որ բանաձևի հեղինակները դատապարտել են ԵՄ սահմանային երկրների վարած անվտանգության քաղաքականությունը, որի շրջանակներում փախստականների մուտքն արգելափակվում է փշալարերով:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում փախստականների ու ներգաղթյալների անկառավարելի հոսքն իսկական պատուհաս է դարձել Հին աշխարհամասի համար, որտեղ Միջերկրական ծովով ժամանել է 365.000 մարդ։










