Ավելի ու ավելի շատ են Սիրիայում Ռուսաստանի միջամտության ապացույցները. AFP

12:53 • 09.09.15

ԱՄՆ-ն ավելի ու ավելի շատ ապացույցներ է ստանում Սիրիայի քաղաքացիական պատերազմին Ռուսաստանի անմիջական ռազմական միջամտության վերաբերյալ։ Վերջին մի քանի օրերին առնվազն երեք ռուսական ռազմական ինքնաթիռ է վայրէջք կատարել Լաթաքիա շրջանում՝ երկրի միջերկրածովյան ափին գտնվող օդանավակայանում: Այդ մասին հայտնել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի մի քանի ներկայացուցիչների։

 

Նրանցից մեկն անանունության սկզբունքով պարզաբանել է, որ խոսքը «Ռուսլան» Ան-124 երկու ռազմատրանսպորտային հսկաների և մեկ ուղևորատար ինքնաթիռի մասին է։

 

Աղբյուրի տվյալներով՝ ռուսներն օդանավակայանում շենք են կառուցել, որը կարող է մոտ հարյուր մարդ տեղավորել: Այնտեղ են տեղափոխվել նաև օդային տարածքի հսկողության համար սարքավորումները:

 

«Այդ ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Ռուսաստանը պատրաստվում է այդ օդանավակայանը վերածել օդային գործողությունների կառավարման կենտրոնի»,- ասել է Վաշինգտոնի ներկայացուցիչը։

 

Ինչպես գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը, Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի թաքցրել, որ օգնում է Սիրիային: «Մենք երբեք չենք թաքցրել, որ Դամասկոսին ռազմատեխնիկական օգնություն ենք ցուցաբերում ահաբեկչության դեմ պայքարում: Բացի այդ, մենք այս բոլոր տարիների ընթացքում կոչ ենք արել մեր արևմտյան գործընկերներին նույնն անել և համախմբել ուժերն ԻՊ-ի դեմ պայքարում»,- ասել է նա:

 

Միևնույն ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետդեպարտամենտի ղեկավար Ջոն Քերիի հեռախոսազրույցը, որի ժամանակ Լավրովը հիշեցրել է Քերիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ «Սիրիայում ռազմական գործողություններին ռուսական մասնակցության մասին խոսելը դեռ վաղաժամ է»։