Շենգենի համաձայնագիրը չի փոփոխվի փախստականների հոսքի պատճառով. Եվրահանձնաժողովի նախագահ
Շենգենի համաձայնագրում փոփոխություններ չեն արվի դեպի Եվրամիություն Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից փախստականների զանգվածային հոսքի պատճառով: Այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, գրում է РИА Новости-ն։
«Շենգենի համակարգը չի փոփոխվի իմ հանձնաժողովի մանդատի ընթացքում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստին: Նրա ելույթը հեռարձակվել է համացանցով։
Յունկերը միևնույն ժամանակ նշել է, որ անհրաժեշտ է բարելավել ԵՄ արտաքին սահմանների հսկողությունը:
Պաշտոնյան նաև պաշտոնապես առաջարկել է Եվրամիության անդամ երկրներին պարտադիր քվոտաների հիման վրա առաջիկա երկու տարիներին հավելյալ 160 հազար փախստական ընդունել Մերձավոր Արևելքից և ԱՖրիկայից:
2015 թվականի սկզբից ի վեր Եվրամիության տարածք է ժամանել 340 հազար ներգաղթյալ:










