ԵՏՄ-ն որևէ կապ չունի անվտանգության հետ, դա տնտեսական բլոկ է. Շավարշ Քոչարյան

15:34 • 10.09.15

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահներ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված զիջումների հարցը, ասաց, որ զիջումների մասին խոսք լինել չի կարող:

 

«Ի՞նչ զիջում, կա Մադրիդյան գործընթաց, կան համանախագահների հայտարարություններ, և մենք դա ընկալում ենք որպես մեկ միասնական փաթեթ, կա Ղարաբաղի անվտանգության հարց, և կան հարցեր, որոնք ավելի հետաքրքրում են Ադրբեջանին»:
 

Շավարշ Քոչարյանի պնդմամբ, Ադրբեջանը շեշտադրում է միայն այն հարցերը, որոնք իրեն են ձեռնտու: «Այդ պատճառով էլ առաջընթաց չկա և չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանն այդպես վարվի, իսկ խոսել միակողմանի զիջումների մասին, տարօրինակ է»,-ասաց փոխնախարարը:


Հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն չի միջամտում սահմանային լարվածությանը, Շավարշ Քոչարյանը հիշեցրեց` անվտանգության հարցում Հայաստանը հույսն առաջին հերթին իր պետք է դնի։

 

«Ինչ վերաբերում է դաշնակից երկրների աջակցությանը կամ պայմանագրային պարտավորությունների կատարմանը, դա այլ հարց է, բայց մենք պետք է ունենանք այն գիտակցումը, որ եթե որևէ երկիր իր պաշպանության հարցում հույսն ուրիշի վրա է դնում, ներողություն, դա կարող է շատ տխուր վերջանալ»,-ասաց նա:

 

Հիշեցմանը, որ ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելուց առաջ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները` Նախագահի ղեկավարությամբ շեշտում էին անվտանգության ապահովման մասին, Քոչարյանն արձագանքեց. «ԵՏՄ-ն որևէ կապ չունի անվտանգության հետ, դա տնտեսական բլոկ է, այլ ոչ թե քաղաքական, ԵՏՄ-ի հետ կապել քաղաքական, անվտանգության հարցեր, դա որևէ առնչություն չունի»,-ասաց նա:

 

Փոխնախարարը պարզաբանեց, որ ԵՏՄ-ի անվտանգության բաղադրիչն այն է, որ պետք է տնտեսությունը շնչի և մրցավազք ձևավորվի: