«Ալ-Կաիդան» Բաֆեթին, Գեյթսին ու Բլումբերգին թիրախ է դարձրել

10:29 • 10.09.15

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման թողարկած Inspire պարբերականն անհանգստացրել է իրավապահ մարմիններին, քանի որ դրանում ամերիկացի հայտնի գործիչների ու գործարարների դեմ հարձակումներ իրականացնելու կոչեր կան։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, ահաբեկիչների թիրախային ցուցակում են հայտնվել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը, միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը, Չարլզ և Դևիդ Կոխերը, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

 

Նշվում է, որ գործարարները ցուցակից դուրս կբերվեն, եթե հանեն գումարներն ամերիկյան բանկերից ու ներդնեն ԱՄՆ-ի սահմաններից դուրս։

 

Գործարարներից նաև պահանջվում է Իսրայելի դեմ հանդես գալ:


Բացի այդ, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության տարելիցից երկու օր առաջ լույս տեսած պարբերականում խմբավորման ներկայացուցիչներն աֆրոամերիկացիներին կոչ են արել միանալ «Ալ-Կաիդային», որպեսզի «դիմակայեն իրենց հանդեպ անարդար վերաբերմունքին»։

 

Սեպտեմբերի 9-ին «Ալ-Կաիդան» խոստացել էր օգնել «Իսլամական պետություն» խմբավորմանը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիային դիմակայելու համար: