Սիրիական զորքերը վերադարձրել են Հոմս նահանգում գտնվող կարևոր նավթահանքի վերահսկողությունը
Սիրիական զորքերը հետ են մղել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչներին Ջեզալ նավթահանքից, որը գտնվում է Պալմիրա քաղաքից հյուսիս-արևմուտք։ Այդ մասին հայտնել է Հոմս նահանգի նահանգապետ Թալյալ ալ- Բարազին։
Նրա խոսքով՝ գրոհայինները, օգտվելով ավազամրրիկից, 2 օր առաջ գրավել են նավթային դաշտը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Դաժան բախումներից հետո սիրիական բանակին հաջողվել է վերադարձնել սիրիական տնտեսության համար կարևոր այդ օբյեկտն իր հսկողության ներքո»,- նշել է նահանգապետը։
ԻՊ-ի գրոհայինները, կորուստներ կրելով, հետ են մղվել դեպի Պալմիրա։ Զորքերը հետևում են նրանց Բահյարաթ լեռնային տեղանքում, հայտնել է նահանգապետը՝ նշելով, որ գործողությունների ընթացքում ոչնչացվել է առնվազն 25 ահաբեկիչ։










