Նորվեգիայի կառավարությունը հրաժարվել է ԻՊ-ին փրկագին վճարել՝ իր քաղաքացու ազատ արձակման համար

11:21 • 10.09.15

Նորվեգիայի կառավարությունը չի վճարի իր քաղաքացուն ազատ արձակելու համար «Իսլամական պետություն» խմբավորման պահանջած փրկագինը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, Նորվեգիայի քաղաքացուն ԻՊ-ի զինյալներն առևանգել էին հունվարին՝ Սիրիայում։

 

«Մենք չենք կարող ահաբեկիչների ու հանցագործների ճնշմանը ենթարկվել: Նորվեգիան փրկագներ չի վճարի: Մենք չենք կարող հետ կանգնել այդ սկզբունքից»,- հայտարարել է երկրի վարչապետ Էռնա Սոլբերգը:

 

Նա հավելել է, որ փրկագնի վճարումը կմեծացնի երկրի այլ քաղաքացիների առևանգման վտանգը։

 

Էռնա Սոլբերգը հաղորդել է, որ պատանդին ազատ արձակելու համար կառավարությանը կից ճգնաժամային խումբ է ստեղծվել:


«Մեր նպատակը մեր քաղաքացու վերադարձն է»,-ասել է կառավարության ղեկավարը։