2015թ. հունվար–օգոստոսին 1018 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է բազմաբնույթ աջակցություն. Երևանի քաղաքապետարան

12:18 • 10.09.15


 


Սիրիահայ ընտանիքներին համակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես  կյանքի են  կոչվում  մի շարք ծրագրեր:


Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


2015  թվականի հունվար–օգոստոս ամիսներին  քաղաքապետարանի կողմից, ըստ վարչական շրջանների, 1018 սիրիահայ ընտանիքի տրամադրվել է  բազմաբնույթ աջակցություն: 92 ընտանիք ընդգրկվել է  պետական սոցիալական ծրագրերում: 

 

Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններ է դիմել  1498 սիրիահայ, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն և սպասարկում։
 

Հիմնականում արտահերթ հիմունքներով Երևանի  մանկապարտեզներ է ընդունվել նախադպրոցական տարիքի 103 երեխա, քաղաքապետարանի ենթակայության թվով 84 դպրոցներում սովորում է  452  սիրիահայ  աշակերտ:

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ նոր ուսումնական տարվա նախօրյակին երևանաբնակ սիրիահայ 167  աշակերտներ՝ 1-4 դասարանցիները, նվեր են ստացել դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ։
 

Սիրիահայ երեխաները մշտապես մասնակցել են նաև մշակութային տարբեր միջոցառումների, անվճար այցելել են թանգարաններ և մշակութային այլ օջախներ: