Ավստրիան փախստականների մեծ հոսքի պատճառով արգելափակել է Հունգարիայի հետ սահմանին երթևեկությունը
Ավստրիայի ոստիկանությունն այսօր առավոտյան արգելափակել է Հունգարիայի հետ սահմանին А4 ավտոմայրուղու երթևեկությունը՝ հազարավոր փախստականների հոսքի պատճառով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Նմանատիպ իրավիճակ է հինգշաբթի եղել նաև В-10 մայրուղում, որը ոստիկանությունը ստիպված է եղել փակել՝ դրանով տեղաշարժվող մարդկանց մեծ հոսքի պատճառով:
Ճանապարհը երթևեկության համար փակվել է մի քանի ժամով։
Հինգշաբթի մոտ 8.000 մարդ Հունգարիայից մուտք է գործել Ավստրիայի տարածք: Ոստիկանության հաղորդմամբ՝ ուրբաթ մոտավորապես նման հոսք է ակնկալվում, քանի որ կեսգիշերին արդեն ավստրո-հունգարական սահմանը հատել է 3.600 ներգաղթյալ:
Երկուշաբթի Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է, որ հանրապետությունը քայլ առ քայլ կհրաժարվի ծայրահեղ միջոցառումներից՝ սիրիացի փախստականներին Հունգարիայի տարածքից ընդունելու համար։
«Մենք նախապես ասել ենք, որ սա ժամանակավոր միջոցառում է, որն անհապաղ և մարդասիրական ռեակցիա է պահանջում: Այժմ մենք պետք է քայլ առ քայլ ծայրահեղ միջոցառումներից անցնենք դեպի նորմալ, օրենքին համապատասխան քայլերի»,- պարզաբանել է նա:










