Դվինին ոռոգման ջուր են տվել, դվինցիները դադարեցրել են բողոքի ակցիան
Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչների բողոքի ակցիայի արդյունքում ջրամատակարարումն այնտեղ այսօր վերականգնվել է: Այս մասին Tert.am–ին հայտնեց Դվինի գյուղապետ Արծրուն Աբրահամյանը:
«Ջուրը տվեցին, մինչև այդ էլ էին տվել, հովհարային անջատման պես է ... հիմա նորից բացել են»,- տեղեկացրեց գյուղապետը:
Նշենք, որ մամուլը գրել էր, որ արդեն մեկ շաբաթ է` Արարատի մարզի Դվին և Վերին Դվին գյուղերի ցանքատարածությունները չորանում են, քանի որ Ազատի ջրամբարի ջուրը, որը նախատեսված է ոռոգման համար, չի բավականացնում:
«Ամեն ինչ արվում է, որ այդ ակցիաները վերանան, գնան, այդպիսի բողոքներ էլ չլինեն»,- որպես ամփոփում նշեց Արծրուն Աբրահամյանը։










