Նախկինում անհայտ 9/11-ի էլեկտրոնային նամակները բացահայտում են Սպիտակ տան անձնակազմի արձագանքն ահաբեկչությանը (լուսանկարներ)
Նախկինում անհայտ էլեկտրոնային նամակները, որոնք ուղարկվել են և Սպիտակ տուն հասել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, նոր լույս են սփռում այն դրվագի վրա, թե ինչպես են երկրի առաջնորդները և նրանց աշխատակիցներն արձագանքել ահաբեկչական հարձակումների մասին տեղեկատվությանը, գրում է The Daily Mail-ը:
Նամակները, The New York Times թերթի դիմումի համաձայն, տրամադրել է Ջորջ Բուշի նախագահական գրադարանը՝ Սեպտեմբերի 11-ի դեպքերի 14-րդ տարելիցի նախաշեմին։
Նամակների հրապարակումից շաբաթներ առաջ հրապարակվել էին նաև ահաբեկչությանն այդ ժամանակ փոխնախագահ Դիք Չեյնիի արձագանքը պատկերող նախկինում անհայտ լուսանկարներ՝ Տեղեկատվության ազատության առնչությամբ դիմումի համաձայն։
Նշվում է, որ Սպիտակ տան անձնակազմի միջև նամակների փոխանակությունն առավոտյան եղել է սովորականի պես, քննարկվել են օրվա հանդիպումները և նորությունները: Այնուամենայնիվ, ժամը 8։56-ին՝ երկնաքերերից մեկին ինքնաթիռի բախվելուց րոպեներ անց, Սպիտակ տան մամուլի հարցերով գրասենյակի տնօրեն Թաքեր Էսքյուն նամակ է գրել իր գործընկերներին՝ ասելով «Միացրե՛ք CNN-ը»: Այնուհետև հանկարծակի չեղյալ են հայտարարվել երկու հանդիպումներ:
Ժամը 9:20-ին փոխնախագահ Դիք Չեյնիի խորհրդական Մերի Մատալինը նամակ է ստացել ամերիկացի գրող և քաղաքական գործիչ Դևիս Հարովիցից, ով գրել է. «Այսօր Փերլ Հարբոր է»:
Թերթը հայտնել է, սակայն, որ գրադարանը հրաժարվել է տրամադրել ողջ նամակագրությունը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ում իրավապահները ձերբակալել են ամերիկացու, ով մեղադրվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի պայթեցման մտադրության համար: 20-ամյա Ջոշուա Ռայն Գոլդբերգի ձերբակալության մասին հայտարարվել է երեկ՝ ահաբեկչության 14-րդ տարելիցից մեկ օր առաջ։
2001թ.-ի սեպտեմբերի 11-ին «Ալ-Կաիդա» ահաբեկչական կազմակերպությունը մի շարք ահաբեկչական հարձակումներն է իրականացրել Միացյալ Նահանգներում։
Խմբավորման 19 գրոհայիններ առևանգել են չորս մարդատար ուղղաթիռ, որոնցից երկուսը՝ «American Airlines Flight 11»-ը և «United Airlines Flight 175»-ը, ուղարկվել են Մանհեթեն, որտեղ բախվել են Համաշխարհային առևտրի կենտրոնի Հյուսիսային և Հարավային աշտարակներին։ Առևանգված օդանավներից երրորդն ուղարկվել է Պենտագոն, իսկ չորրորդը` ընկել Փենսիլվանիա նահանգում։




















