Թուրքիայում Ֆրանսիայի պատվո հյուպատոսը ներգաղթյալներին փչովի նավակներ է վաճառել
Թուրքական Բոդրում քաղաքում Ֆրանսիայի պատվո հյուպատոս Ֆրանսուազա Օլսեն ժամանակավորապես հեռացվել է իր աշխատանքային պարտականությունների կատարումից՝ Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հրամանով, տեղեկացնում է gazeta.ru-ն:
Օլսեն խոստովանել է, որ Բոդրումի իր խանութում անօրինական ներգաղթյալներին փչովի նավակներ և փրկարար բաճկոններ վաճառելով է զբաղվել։
Դրան զուգահեռ՝ նա նաև խոստովանել է, որ ոչ միայն անձամբ է մասնակցել Հունաստան ներգաղթյալներ ուղարկելուն, այլև հայտարարել է, որ դրա հետ կապ ունի նաև թուրքական կառավարությունը։
Նրա խոսքով՝ եթե անգամ ինքը դադարի զբաղվել նման բնույթի գործունեությամբ, տեղաշարժման միջոցներ փախստականներին այլ մարդիկ կվաճառեն: Նշվում է, որ խանութը գործել է Ֆրանսիայի դրոշի ներքո, իսկ մուտքի մոտ տեղադրված է եղել գրություն՝ խանութի սեփականատիրոջ կարգավիճակի վերաբերյալ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ավելի քան 400 հազար փախստականներ Եվրոպա են հասել Միջերկրական ծովով։










