Հնդկաստանում պայթյունի հետևանքով զոհերի թիվն անցել է 80-ը
Հնդկաստանի Մադհիա-պրադեշ նահանգում գազի պայթյունի հետևանքով զոհվածների թիվը գերազանցել է 80-ը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հաղորդել է բուժծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել էր 49 զոհի մասին:
«Զոհերի թիվը հասել է 82-ի»,- հայտարարել է նահանգի բուժօգնության ծառայության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ զոհերի թիվն ավելացել է, քանի որ փլատակների տակից հաջողվել է հանել դիերը: 100 վիրավորներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցել է զոհերի հարազատներին ու մերձավորներին:
«Ցավում եմ Ջաբուայում պայթյունի հետևանքով գրանցված զոհերի համար և աղոթում եմ վիրավորների արագ ապաքինման համար»,- գրել է նա՝ Twitter-ի իր միկրոբլոգում:










