ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրաժարվել է Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդներ ուղարկել

10:04 • 12.09.15

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ղեկավարը հայտարարել է, որ Ադրբեջանի կողմից սահմանափակումների պատճառով գրասենյակը ստիպված է հրաժարվել նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն ուղարկելուց, հայտնում է contact.az-ը։

 

«Դիտորդների թվի սահմանափակումն անհնարին կդարձնի ընտրությունների ընթացքին արդյունավետ հետևելու գործընթացը»,- ասել է գրասենյակի տնօրեն Մայքլ Գեորգ Լինքը։
«Ցավոք, մենք ստիպված ենք չեղարկել Ադրբեջան դիտորդական առաքելություն ուղարկելը»,- հավելել է նա։

 

Նրա խոսքով՝ դիտորդների թվի սահմանափակման հարցում Ադրբեջանի պնդելը չի համապատասխանում ԵԱՀԿ-ի շրջանակում երկրի ստանձնած պարտավորություններին։

 

Ադրբեջանը, ինչպես ԵԱՀԿ անդամ մյուս պետությունները, պարտավորվել է ընտրություններին միջազգային դիտորդներ հրավիրել, ինչպես նաև ապահովել ԺՀՄԻԳ-ի անկախ ու անկողմնակալ աշխատանքը։

 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրավեր ստանալուց հետո հայտնել էր, որ պատրաստվում է 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդ ուղարկել Ադրբեջան։ Սակայն օգոստոսի 31-ին ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչությունը հայտնել էր, որ իշխանությունները պատրաստ են ընդունել միայն 6 երկարաժամկետ և մինչև 125 կարճաժամկետ դիտորդ։