Մեքքայում զոհերի թիվը հասել է 107-ի. ԱՄՆ-ն խոստացել է օգնել ողբերգությունից տուժած բոլոր մուսուլմաններին (լուսանկարներ)
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Միացյալ Նահանգների անունից ցավակցել է Սաուդյան Արաբիային` Մեքքայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ` հայտարարելով, որ ԱՄՆ-ն կօգնի տուժած բոլոր մուսուլմաններին, նշում է Ria.ru-ն։
Վերամբարձ կռունկն ընկել է Ալ-Հարամի՝ Մեքքայի Մայր մզկիթի վրա` դառնալով 107 մարդու մահվան պատճառ: Հայտնի է, որ միջադեպի հետևանքով տուժել է 238 մարդ։
«Հաջի ժամանակ մուսուլմանների համար ամենասրբազան քաղաքներից մեկում տեղի ունեցած սարսափելի միջադեպից հետո ԱՄՆ-ն կանգնում է Սաուդյան Արաբիայի և աշխարհի բոլոր մուսուլմանների կողքին»,-ասել է պետքարտուղարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Ալ-Հարամ մզկիթն աշխարհի ամենամեծ ու գլխավոր մզկիթն է, որի ներսում գտնվում է իսլամի գլխավոր սրբությունը` Քաաբան։
ԶԼՄ-ների տվյալներով` կռունկի անկման պատճառ են համարում ուժեղ քամիներն ու անձրևները։ Սոցցանցերը, սակայն, լուսանկարներ են տարածում, որոնց համաձայն՝ կռունկն ընկել է կայծակի հարվածից։














