Խորհրդարանական կառավարման համակարգը կմեծացնի հանրային պատասխանատվության զգացումը. քաղաքագետ

13:56 • 12.09.15

Նախագահական կամ կիսանախագահական համակարգը, ի տարբերություն խորհրդարանական կառավարման մոդելի, նվազեցնում է հանրային պատասխանատվության աստիճանը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) քաղաքական խորհրդական Վիգեն Խաչատրյանը:

 

«Հայաստանը 25 տարի է` կառավարվում է կիսանախագահական կառավարման մոդելով: Գիտե՞ք որն է կիսանախագահական մոդելի ընտրության պատճառը: Մեր ժողովուրդը սովոր է, որ ամեն հարցով պիտի մեղադրի երկրի առաջին դեմքին, պատասխանատվությունը պիտի դնի միայն նախագահի վրա: Հասարակության մեջ այս հոգեբանությունն արմատացել է, արդյունքում հասարակական պատասխանատվության աստիճանը զրոյացել է»,- մանրամասնեց Վիգեն Խաչատրյանը:
 

Ըստ նրա՝ անգամ ցանկացած բյուրոկրատական թերության դեպքում հանրային ընկալման համաձայն՝ պատասխանատու է նախագահը:


«Բայց ոչ մեկ չի ասում՝ ես ինչ եմ անում, որ այլ կերպ ապրեմ, ես ինչ եմ անում, որ դա թույլ չտամ: Ասում են՝ ես ինչ անեմ, փոքր մարդ եմ: Եվ գուցե խորհրդարանական կառավարման համակարգը հասարակական պատասխանատվությունը մեծացնի»,- ասաց Վ. Խաչատրյանը՝ նշելով, որ հենց այդ պատճառով է հանրային ուշադրությունը սևեռված նախագահական ընտրությունների շնորհիվ փոփոխություններ կատարելու մեջ:


Վիգեն Խաչատրյանի խոսքով, այնուամենայնիվ, կարևոր է ոչ թե կառավարման մոդելը, այլ որակյալ կառավարումը: «Եթե մեծամասնությունը հակված է խորհրդարանական հանրապետության համակարգին, մենք սկզբունքային առարկություն չունենք, թող լինի խորհրդարանական համակարգ»,- մանրամասնեց Վիգեն Խաչատրյանը: