Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է 5-րդ տաղավար տոնը` Խաչվերացը
Հայ Առաքելական Եկեղեցին այսօր տոնում է Սուրբ խաչի տոնը` Խաչվերացը, որը եկեղեցու վերջին` հինգերորդ տաղավար տոնն է։ Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:
Հայ եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը։ Ինչպես տեղեկացնում է Արարատյան հայրապետական թեմի կայքը 614թ. Պարսկաստանի Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա, ավերում այն: Որպես անարգանք քրիստոնյաներին` Սուրբ Հարության տաճարից Պարսկաստան է տարվում նաև Տիրոջ խաչափայտը, որը գերության մեջ է մնում 14 տարի: 628 թ. Բյուզանդիայի Հերակլ կայսրը մեծ բանակով հարձակվում է պարսիկների վրա, ազատագրում Ս. Խաչը և այն վերադարձնում նախկին վայրը: Հայ ժողովուրդն անմասն չէ խաչի ազատագրման գործից:
Կայսրին ռազմական օժանդակություն է ցույց տվել նաև հունական մասի հայոց զորքը` Մժեժ Գնունու գլխավորությամբ: Իսկ հետագայում խաչը բաժանվում է մասերի, և ներկայումս մի կտոր էլ սուրբ խաչից գտնվում է Էջմիածնում:
Խաչը գերությունից վերադարձնելու ճանապարհին զորքը խաչը բարձր պահելով անցել է նաև Հայաստանի վրայով: Եթե նախկինում խաչը համարվել է չարչարանքի գործիք, ապա Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո այն բոլոր քրիստոնյաների համար դարձել է փրկության միջոց:
Նշենք, որ այս օրը տոն է բոլոր քրիստոնյաների համար, այն նաև նշում է Կաթոլիկ եկեղեցին: Ցանկացած քրիստոնյա պետք է տոնը սկսի նշել եկեղեցում` մասնակցելով սուրբ պատարագին:
Tert.am-ի հետ զրույցում ազգագրագետ Անահիտ Ստեփանյանը պատմեց, թե ինչպես էին հնում այս տոնը նշում։ Նա հիշեցրեց, որ ժողովուրդը տոնը անվանում է «Սբխեչ»: Տոնը իր արարողակարգով առանձնապես չի տարբերվում ներկայի ու անցյալի միջև:
«Ժողովուրդը տոնը նշում էր առաջին հերթին ուխտագնացություններով: Ամբողջ պատմական Հայաստանի տարածքում բոլոր բնակավայրերից գնում էին ուխտագնացության: Գնում էին հատկապես խաչի անունը կրող եկեղեցիները: Հետները տանում էին ուտելիք ու հաց էին բաժանում աղքատներին, նրանց` ովքեր հանապազօրյա հացի կարիք ունեին»,- ասաց նա:
Ազգագրագետը նշեց, որ տոնին ժողովուրդը ուլ էր խորովում թոնրում։ Տոնական ուտեստից, անպայման, բաժին էին հանում նույն տարվա ընթացքում հանգուցյալ ունեցող ընտանիքներին:
Ինչպես հնում, այնպես էլ այսօր տոնի հաջորդ օրը համարվում է մեռելոց: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է սուրբ պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:










