Ներգաղթյալների հոսքի պատճառով Հունգարիան զինվորականների է կենտրոնացնում Սերբիայի հետ սահմանին
Սերբիայի հետ սահմանին գտնվող Հունգարիայի Ռյոսկե բնակավայրում մեծ թվով զինվորականներ են հայտնվել, հաղորդում է РИА Новости-ն:
Մի քանի տասնյակ զինված զինծառայողներ շղթա են կանգնել Ռյոսկե բնակավայրի սահմանի երկայնքով, որտեղ փախստականները շարունակում են հատել սահմանը:
Սեպտեմբերի 15-ի գիշերը Հունգարիայում ուժի մեջ կմտնի փախստականների և սահմանի մասին օրենքների փաթեթը, որն ընդունվել է անցած շաբաթ: Սահմանի անօրինական հատումը կհամարվի հանցագործություն, որը կպատժվի ազատազրկմամբ կամ արտաքսմամբ:
Հանցագործություն նաև կհամարվի սահմանային պատի վնասումը այն հաղթահարելու փորձերի ժամանակ: Բացի այդ, խստացվում է մաքսանենգների համար պատիժը, ովքեր փախստականներին անցկացնում են սահմանով:
Ընդ որում՝ դեռ հստակ չէ, թե ինչ կլինի մի քանի հազար փախստականների հետ, ովքեր այժմ գնում են Հունաստանի, Մակեդոնիայի և Սերբիայի սահմանով հունգարական սահման, բայց չեն հասցնի այն հատել մինչև սեպտեմբերի 15-ը:
Ականատեսների խոսքերով՝ Հունաստանը, որի կղզիներ են փախստականները ժամանում Թուրքիայից, շարունակում է առանց հսկողության թույլ տալ նրանց անցնել իր տարածքով: Ռյոսկեում սահմանը հատող փախստականները նույնպես պատմում են, որ իրենց հետևում «շատ մարդիկ կան»:










