Քիշնևում ցուցարարները սպառնում են նոր զանգվածային բողոքի ցույցերով

12:28 • 13.09.15

Քիշնևում ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են կիրակի օրը նոր զանգվածային բողոքի ակցիա կազմակերպել կոռուպցիայի դեմ բողոքի շրջանակներում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Անցած շաբաթ տասնյակ հազարավոր մարդիկ հավաքվել են Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում՝ պահանջելով նախագահի հրաժարականը և արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնել 2016 թվականի մարտից ոչ ուշ:


Ցույցի մասնակիցները հարյուրավոր վրաններ են տեղադրել կենտրոնական հրապարակում և հայտարարել են, որ չեն լքի այն մինչև չպատժվեն երկրի բանկերից միլիարդ դոլարի անհետացման համար մեղավորները:


Մոլդովայի վարչապետ Վալերի Ստրելեցը ցուցարարների պահանջներին ի պատասխան ասել է, որ Մոլդովայի իշխանությունները բաց են ակտիվիստների հետ երկխոսության համար:


«Արժանապատվություն և արդարություն» շարժումը, որի կոչով ցույցեր են սկսվել Քիշնևում, մայիսին արդեն անցկացրել է կոռուպցիայի դեմ բողոքի ցույց: Այդ ժամանակ հանրահավաքին հավաքվել էր մոտ 10 հազար մարդ: