Ուոլթերին «իր» զեկույցը կտրամադրի Ադրբեջանը, մի քանի բանկա էլ խավիար. Դ. Բաբայանը` բրիտանացի պատգամավորի այցի մասին

22:13 • 14.09.15

Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն անդրադառնում է հարցին, թե ինչու է ԵԽԽՎ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» աղմկահարույց անունը կրող սկանդալային զեկույցի հեղինակ Բոբ Ուոլթերը գալիս տարածաշրջան, ինչ կանեն ԼՂ իշխանությունները, եթե նա հանկարծ այցելի Ղարաբաղ: Ըստ այդմ՝ Բոբ Ուոլթերի Արցախ գալը անհնար է, թերևս միայն հնարավոր կլինի, եթե գա որպես զբոսաշրջիկ: «Կարող է գալիս է` Գանձասա՞րը տեսնի, միգուցե ապաշխարի՞»,-ավելացրեց Դավիթ Բաբայանը:


-Պարո՛ն Բաբայան, ամիսներ առաջ դեռ ասել էիք, որ Բոբ Ուոլթերը լավ կանի՝ Հայաստան չգա, սակայն ԵԽԽՎ կայքում պաշտոնապես կա տեղեկատվություն, որ նա այցելում է տարածաշրջան: Հիմա մի քիչ անհասկանալի է:

 

-Կարծում եմ` ամեն ինչ շատ պարզ է, պարզից էլ պարզ է: Նա գալիս է տարածաշրջան, բայց` Ադրբեջան, որն էլ հարավկովկասյան տարածաշրջանում է: Ինչ վերաբերում է նրա Արցախ այցելելուն, ապա բազմիցս ասել ենք, որ մենք պատրաստ ենք ցանկացած մարդու` գիտնականի, քաղաքական գործչի հետ քննարկել տարբեր հարցեր, օգնել նրանց պատրաստել տարբեր զեկույցներ, բայց նշել ենք, որ այդ անձնավորությունը, եթե ուզում է գալ Արցախ, մեր օգնությունն ու օժանդակությունը ստանա, նախ պետք է փոխի զեկույցի վերնագիրը: Եվ ոչ միայն վերնագիրը, այլև դրա բովանդակությունն ու փիլիսոփայությունը: Բայց նման բան մենք առ այսօր չենք տեսել: Հետևաբար՝ նա Արցախ գալու անհրաժեշտություն չունի: Թող գնա տարածաշրջանի մյուս մասը՝ սահմանից այն կողմ՝ Ադրբեջան, այդտեղ նրան կտրամադրեն պատրաստի զեկույցը, մի քանի բանկա էլ խավիար:

 

-Բայց եթե, այնուամենայնիվ, գա, ի՞նչ կանեք, որպես Արցախի իշխանություններ:

 

-Մենք ազատ երկիր ենք... Միգուցե մարդը գալիս է որպես զբոսաշրջիկ, այլ ոչ թե որպես գործիչ, որը կարող է ինչ-որ մեկի հետ հանդիպել ու տվյալներ ստանալ, և այլն: Այսինքն` նրա Արցախ գալը, որպես պաշտոնական զեկույցի պատրաստման համար հենք, անհնարին է: Թե չէ, որպես զբոսաշրջիկ… Կարող է գալիս է` Գանձասարը տեսնի՞, միգուցե ապաշխարի:


Մի՛ անհանգստացեք, մենք թույլ չենք տալու նման հակահայկական, ադրբեջանամետ այցելություն:

 

-Ժամանակին առաջարկում էիք փոխել վերնագիրը: Հայաստանի միջոցով պաշտոնապես առաջարկել ե՞ք:

 

-Մենք դա ասել ենք տարբեր ձևերով ու կարծում եմ` նա հնարավորություն ուներ դա փոխել: Եթե նա չի փոխել, իր որոշումն է: Ուղղակի, մեզ մտահոգում է ոչ թե այդ զեկույցը, որից խավիարի հոտ է գալիս, այլ այն, որ եվրոպական ժողովրդավարական կառույցներ է ներթափանցել ադրբեջանական կոռուպցիայի վիրուսը: Սա մի խայտառակ երևույթ է, և տարբեր մարդիկ, որ առաջին հայացքից եվրոպական արժեհամակարգի կրողը պետք է լինեն, տարվում են լրիվ այլ մշակույթով ու փող են վաստակում: Երբեմն` նաև բնամթերքի ձևով: