Դա Աստծո կամքն էր. ինժեները` Մեքքայում ընկած և կյանքեր խլած շինարարական կռունկի մասին (լուսանկարներ)
Ինժեները, ով պատասխանատու է Մեքքայի Ալ- Հարամ մզկիթի մոտ շինարարական կռունկի տեղադրման համար, ասել է, որ ինքն իր աշխատանքը պրոֆեսիոնալ կերպով է արել, իսկ տեղի ունեցած ողբերգությունն Աստծո կամքն էր։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, մասնագետը, ում անունն անվտանգության նկատառումներով չի հրապարակվել, պնդել է, որ ուխտավորների վրա ընկած ու 107 մարդու մահվան պատճառ դարձած շինարարական կռունկի հետ կապված որևէ տեխնիկական խնդիր չի եղել։
Մեքքայի կրոնական ոստիկանության նախկին պետ Շեյխ Ահմեդ ալ- Ղամդին ևս այն կարծիքին է, որ տեղի ունեցածն «Աստծո կողմից ուղարկված փորձություն է»։
Թեև Սաուդյան Արաբիայի իշխանությունները պաշտոնապես տարածել են, որ կռունկի ընկնելու պատճառն ուժեղ քամին է եղել, այնուհանդերձ երկրի միապետ Սալմանը խոստացել է ամեն գնով պարզել ողբերգության իրական պատճառները։
Ողբերգական միջադեպից հետո միապետն այցելել է դեպքի վայր, ինչպես նաև վնասվածքներ ստացած ուխտավորներին։

















