Երուսաղեմի Տաճարի լեռան մոտ կրկին բախումներ են եղել արաբների և իսրայելցի ոստիկանների միջև (լուսանկարներ)
Երուսաղեմի Տաճարի լեռան մոտ (արաբերեն՝ Ալ-Հարամ աշ-Շարիֆ), որտեղ գտնվում է Ալ-Աքսա մզկիթների համալիրը, վերսկսվել են արաբների և իսրայելական ոստիկանության միջև բախումները, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Երբ ոստիկանական ուժերը մտան համալիր, երիտասարդ դիմակավոր արաբները սկսեցին քարեր նետել իրավապահների ուղղությամբ»,- նշել է Երուսաղեմի ոստիկանության մամուլի ծառայությունը։
Բախումների հետևանքով մեկ ոստիկան ստացել է թեթև վնասվածքներ, 3 արաբ ձերբակալվել է։ Բախումները մզկիթի շրջանում սկսվել էին դեռևս կիրակի առավոտյան։
Իսրայելում այսօր նշում են Նոր՝ 5776-րդ տարին՝ ըստ հրեական օրացույցի։ Ոստիկանությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ «հազարավոր ուխտագնացների անվտանգությունն ապահովելու համար»։
Լուսանկարները՝ The Daily Mail-ի






















