Երաժշտության համար վեճի պատճառով ամերիկացին սպանել է հարևան 3 եղբայրների և ինքնասպան եղել

09:50 • 14.09.15

Լուսանկարը՝ AP-ի


ԱՄՆ Լուիզիանա նահանգում տղամարդը սպանել է երեք եղբայրների, ինչից հետո ինքնասպան է եղել։ Միջադեպը տեղի է ունեցել երեկ Բատոն Ռուժ արվարձանում գրում է Lenta-ն։

 

Ոստիկանությունում հայտնել են, որ մարմինները հայտնաբերվել են գիշերը բնակելի տներից մեկում։ Պարզվել է, որ 3 եղբայրները եկել են իրենց հարևանի տուն՝ ֆուտբոլ դիտելու և երաժշտություն լսելու։ Տղամարդկանց միջև վեճ է սկսվել երաժշտական նախասիրությունների վերաբերյալ, որը վերածվել է ծեծկռտուքի։

 

Ականատեսների համաձայն՝ տներից մեկում բղավոցներ են սկսվել, իսկ մոտ 10 րոպե անց լսվել են կրակոցներ։ Եղբայրների բարեկամները պատմել են, որ նրանք մտերիմ են եղել իրենց հարևանի հետ և նրա տանն են եղել գրեթե բոլոր հանգստյան օրերին։

 

Ոստիկանությունը պարզել է մահացածների ինքնությունը։ Կրակոցները, ենթադրաբար, իրականացրել է 60-ամյա Ռոդնի Չեմինը։ Նրա զոհն են դարձել 57-ամյա Ջոզեֆ, 55-ամյա Փերի և 51-ամյա Մարկ Ալենները։