ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահությունը երաշխիք չէ Ադրբեջանի ոտնձգություններից, բայց տալիս է նոր հնարավորություններ.Վ. Հարությունյան
Այն, որ Հայաստանն ստանձնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը ինքնին երաշխիք չէ, որ Ադրբեջանը սադրիչ գործողությունների չի դիմի սահմանների վրա, բայց սա հնարավորություն է մեր հնարավորությունները ՀԱՊԿ-ում ավելի ակտիվ օգտագործելու:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, մանրամասնելով, թե ինչպես.«Ասենք զուտ քաղաքական հայտարարությունների ու այդ հարցն ավելի սուր կերպով դնելու: Եվ ինձ թվում է` մենք այդ հնարավորությունը կօգտագործենք»:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 14-ին աշխատանքային այցով մեկնեց Դուշանբե`մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը կստանձնի ՀԱՊԿ-ում նախագահությունը:
ՊՆ նախկին նախարարը արձանագրեց, որ մենք պետք է հստակ հասկանանք, թե որ կազմակերպությունից ինչ կարող ենք ակնկալել ու խոսքը միայն ՀԱՊԿ-ին չի վերաբերում, այլ բոլոր կազմակերպություններին, որոնք պատասխանատվություն ունեն կամ շահագրգռված են ղարաբաղյան հակամարտության լուծմամբ:
«Նորից եմ ընդգծում, որ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետն ասում է, որ ագրեսիայի դեպքում, երբ պետությունը դիմում է, անդամ պետությունները աջակցում են նրան` ցուցաբերելով ռազմական օգնություն: Երկրորդ մասը` քաղաքական հայտարարություններ, բաներ, պայմանավորված է նրանով, թե մենք որքանով ակտիվ կաշխատենք»,- մեկնաբանեց Վաղարշակ Հարությունյանը` ի պատասխան հարցի, թե Ադրբեջանի կողմից սեպտեմբերյան գործողությունների ժամանակ վնաս էր հասցվել ՀՀ-ի տարածքներին ու ՀՀ խաղաղ բնակչությանը` նաև ծանր սպառազինություններից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, ով խիստ անհանգստացած է ադրբեջանական բանակի կողմից հայկական խաղաղ բնակչության նկատմամբ ծանր սպառազինությունների կիրառությամբ, Tert.am –ի հետ զրույցում ասել էր, որ հիմա արդեն կարևոր չէ, թե ինչպես պետք է աշխատեն Մադրիդյան սկզբունքները, հիմա կարևոր է, որ կողմերը Դոնբասի օրինակով պայմանավորվեն երկուստեք հետ քաշել ծանր զրահատեխնիկան, որպեսզի ադրբեջանական բանակը դադարի սպանել խաղաղ բնակչությանը:
Վաղարշակ Հարությունյանն այս մոտեցումը չի կիսում, քանի որ ընդգծեց.«Դոնբասում վիճակն այլ է, մեր շփման գծում` այլ: Մեր մոտ կա ստորագրված պայմանագիր (նկատի ունի 1994 թ. զինադադարի պայմանագիրը- Tert.am)»։
Ի պատասխան դիտարկման, թե ռուսաստանցի փորձագետը, թերևս, նկատի ուներ, որ նոր պայմանագիր է պետք կնքել` կոնկրետ այդ ]անր սպառազինությունների հետքաշման հարցերով, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը կրկնեց` «դա սխալ մոտեցում է, քանի որ մենք ունենք պայմանագիր»:
Այսինքն` ըստ նրա, խնդիրը ոչ թե նոր փաստաթուղթ ստորագրելու մեջ է, այլ նրա, որ ԵԱՀԿ-ն, որը պատասխանատու է ղարաբաղյան կարգավորման համար, ստիպի Ադրբեջանին` կատարել ստանձնած պարտավորությունները:










