Արգենտինահայերը ռոքնռոլի և ջազի փառատոնով կտոնեն Հայաստանի անկախության 24- ամյակը

12:14 • 15.09.15

Արգենտինահայերը Պալերմոյի հայկական հրապարակում սեպտեմբերի 19-ին կկազմակերպեն երաժշտության փառատոն, որի շրջանակում կտոնեն Հայաստանի անկախության 24-ամյակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արգենտինայի հայ համայնքից տեղեկացրին, որ փառատոնի շրջանակում արգենտինահայերը կկազմակերպեն ռոքնռոլի, ջազի եւ ռոքի համերգներ, որը կմիավորի բոլորին:

 

«Այս միջոցառման նպատակն է, որպեսզի մեր հարևանները, մեր ընկերները նույնպես այցելեն հրապարակ, մասնակցեն տոնակատարությունը և մեզ հետ միասին տոնեն մեր երկրի անկախությունը: Մենք կարծում ենք, որ հենց երաժշտությունն է այն հարթակը, որը կարող է միավորել տարբեր երկրների ներկայացուցիչների»,- ասաց միջոցառման կազմակերպիչներից Ջեսիկա Պայասլյանը` հավելելով, որ փառատոնի ընթացքում կհնչեն նաև հայկական կատարումներ, իսկ ներկաները կկարողանան համտեսել հայկական խոհանոցի ուտեստները:
 

«Այս փառատոնի միջոցով մենք ցանկանում ենք նաև սեր, համերաշխություն և ընկերություն տարածել, աշխարհին ասել, որ պետք է լինել հանդուրժող: Հատկապես այս տարի, երբ հայ ժողովուրդը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության տարելիցը, մենք ցանկանում ենք մեր դիրքորոշումը եւ ցանկությունը հայտնել, որ այլեւս երբեք չլինեն ցեղասպանություններ, պատերազմներ եւ բռնություն»,- ասաց Ջեսիկա Պայասլյանը: