Սերժ Սարգսյանն առաջարկել է 2016թ. կիբեռանվտանգության թեմայով համաժողով անցկացնել Հայաստանում

14:12 • 15.09.15

Լուսանկարը՝ РИА Новости. Սերգեյ Գունևի

 

Հայաստանը 2016թ.-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) նախագահության շրջանակում առաջարկում է կիբեռանվտանգության վերաբերյալ միջազգային համաժողով անցկացնել։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դուշանբեում ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստում ելույթի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։

 

«Բնականաբար, մենք ուշադրություն կհատկացնենք ժամանակակից մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարում համագործակցությանը... Այդ ուղղությամբ որպես առաջին գործնական քայլ առաջարկում ենք 2016-ին Հայաստանում համաժողով անցկացնել՝ ՀԱՊԿ անդամ պետությունների կիբեռտարածքում անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ»,- ասել է Սերժ Սարգսյանը։

 

Մինչ կառույցի անդամ երկրների առաջնորդների հանդիպումը, կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդում, պաշտպանության նախարարների խորհրդում և անվտանգության խորհուրդների քարտուղարերի կոմիտեում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին։