ՀԱՊԿ առաջնորդները քննարկում են տարածաշրջանային և միջազգային խնդիրներ
Լուսանկարը՝ fedpress.ru-ի
Դուշանբեում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։ Կազմակերպության անդամ երկրների առաջնորդները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության նախագահը, ժամանել են Ազգերի պալատ և համատեղ լուսանկարվելու արարողությունից հետո անցել նեղ շրջանակով բանակցություններին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Այնուհետ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նեղ կազմով բանակցություններից հետո նիստը կշարունակեն ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։ Այսօրվա նիստի ծրագիրը կավարտվի համատեղ փաստաթղթերի ստորագրմամբ։
Գագաթաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ գործունեությունը նրա տարբեր դրսևորումներում, հիմնական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, այդ թվում՝ ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումների ակտիվացումը և ընդհանուր վիճակը, որը ստեղծվում է կազմակերպության անդամ երկրների սահմաններին։
Մինչ առաջնորդների հանդիպումը, կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդում, պաշտպանության նախարարների խորհրդում և անվտանգության խորհուրդների քարտուղարերի կոմիտեում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին։










