Կառավարության կողմից անհրաժեշտ գումարի տրամադրման դեպքում ՀՔԾ-ն աշխատանքի կընդունի ևս 7 քննիչի

19:58 • 15.09.15

Հատուկ քննչական ծառայությունում ևս 7 ավագ քննիչի աշխատանքի ընդունելու համար ՀՀ կառավարությունը պատրաստվում է ՀՔԾ-ին հատկացնել 16 մլն 537 հազ. դրամ, որից` 9 ամսում 4 մլն 134 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:


Ինչպես նշվում է որոշման նախագծում, գումարը տրամադրվելու է Հատուկ քննչական ծառայության բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով:


«ՀՔԾ-ի քննչական գործունեության ծանրաբեռնվածությունից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջանում հաստիքացուցակի հաստիքների ավելացման, որն ուղղված պետք է լինի քննիչների աննախադեպ ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն, որը միարժեքորեն կնպաստի առկա լարվածության  նվազեցմանը, հետևաբար նաև քննության որակի բարձրացմանը, ինչպես նաև կբացառի ծանրաբեռնվածության պատճառով ծառայության որակյալ կադրերի հնարավոր հեռանալը»,–ասվում է նախագծում։