Մենք ԵՏՄ անդամ ենք, սակայն պատրաստ ենք համագործակցել ԵՄ-ի հետ բոլոր հնարավոր ոլորտներում. Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը

09:42 • 15.09.15

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, միևնույն ժամանակ պատրաստ է համագործակցել նաև Եվրամիության հետ բոլոր հնարավոր ոլորտներում։ Այդ մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է բրիտանական BBC գործակալության ռուսական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ։

 

Լրագրողի այն հարցին՝ ինչպե՞ս է Հայաստանը որոշում իր հետագա ուղին՝ Արևմո՞ւտք, թե՞ Ռուսաստան, ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ է, սակայն պատրաստ է համագործակցել ԵՄ-ի հետ։

 

«Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների տեսանկյունից մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը. մենք Եվրասիական միության անդամ ենք, և մենք պատրաստ ենք համագործակցել ԵՄ-ի հետ բոլոր հնարավոր ոլորտներում՝ հաշվի առնելով, սակայն, Հայաստանի պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում»,- նշել է Էդվարդ Նալբանդյանը։

 

Նրա խոսքով՝ Հայաստանը հետաքրքրված է նաև այլ ինտեգրացիոն գործընթացներով։ «Այն, ինչը չի հակասում Հայաստանի շահերին այդ շրջանակում, ԵՏՄ-ի կազմում աշխատանքին, մենք պատրաստ ենք առավելագույնը զարգացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ»,-ասել է նա։

 

Այն հարցին՝ ո՞ր հարաբերություններն են առաջին տեղում, Էդվարդ Նալբանդյանը հայտնել է, որ լինելով ԵՏՄ անդամ, հաշվի առնելով այդ պարտավորությունները՝ Հայաստանը կզարգացնի հարաբերությունները նաև մյուսների հետ։։

 

«Ես պետք է ասեմ, որ ԵՄ 28 երկրներից յուրաքանչյուրի հետ մենք ունենք սերտ բարեկամական, իսկ երբեմն էլ՝ եղբայրական հարաբերություններ։ Այդ երկրներից շատերում ապրում են հայ համայնքներ, որոնք կապող օղակ են այդ երկրների և Հայաստանի միջև։ Ընդհանրապես, մեր ժողովրդի 2/3-րդն ապրում է աշխարհի 100 երկրներում։ Այդ պատճառով էլ Հայաստանը ոչ միայն փոքր երկիր է այս աշխարհագրական դիրքում, դա նաև 100 փոքր և մեծ Հայաստաններ են՝ սփռված ամբողջ աշխարհում։ Դա մեր առավելություններից մեկն է»,- հավելել է նախարարը։