Ավելի քան 9.000. Հունգարիայի ոստիկանությունը թույլ չի տվել ռեկորդային թվով փախստականների մուտքը երկիր

11:20 • 15.09.15

Հունգարիայի ոստիկանությունը թույլ չի տվել 9.380 ներգաղթյալի մուտքը երկիր, որոնք փորձել են Հունգարիա մտնել՝ հատելով Սերբիայի սահմանը, տեղեկացնում է gazeta.ru-ն։

 

Նշվում է, որ ներգաղթյալների այս թիվը ռեկորդային է այս տարվա սկզբից ի վեր։
Սահմանը հատելու փորձը կանխվել է երկուշաբթի։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հունգարիայի իշխանություններն արգելափակել են սահմանը Սերբիայի հետ փախստականների մուտքը կանխելու համար։

 

Սահմանային հիմնական անցակետը փակվել է իրավապահ մարմինների կողմից, ինչի պատճառով էլ Սերբիայի կողմում փախստականների կուտակում է արձանագրվել, որոնք ցանկացել են մուտք գործել Հունգարիա:

 

Ավելի ուշ անցակետը որոշ ժամանակով բացվել է, և փախստականների մի մասը մուտք գործելու հնարավորություն է ստացել: Շուտով, սակայն, այն դարձյալ փակվել է:

 

Ոստիկանությունը փակել է նաև երկաթուղային ճանապարհը: Նախկինում այդ գոտին դուրս էր ոստիկանության հսկողությունից, ինչը փախստականներին հնարավորություն էր տալիս հատել սահմանը:

 

Հիշեցնենք, որ Հունգարիայի ոստիկանությունը հսկողության տակ է առել Ռեսկե քաղաքի մոտակայքում գտնվող երկաթուղին, որը հիմնական ուղին է, որով փախստականները Սերբիայից ժամանում են Հունգարիա: Այդ շրջանում ինժեներները փշալարեր են տեղադրում: