ՀԱՊԿ երկրները զինված կազմավորումների փոխադրումների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել. Սերժ Սարգսյան

13:52 • 15.09.15

Լուսանկարը՝ Միխայիլ Ջապարիձե /ТАСС-ի

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները զինված կազմավորումների փոխադրումների վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել։  Այդ մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Դուշանբեում ՀԱՊԿ պետությունների գագաթաժողովի արդյունքների հիման վրա, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

«Զինվորական և այլ կազմավորումների ու շարժական գույքի, ինչպես նաև ռազմական նշանակության արտադրանքի փոխադրումների ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել»,- նշել է ՀՀ Նախագահը։

 

Դուշանբեում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը։

 

Մինչ առաջնորդների հանդիպումը, կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ավարտին ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդում, պաշտպանության նախարարների խորհրդում և անվտանգության խորհուրդների քարտուղարերի կոմիտեում նախագահությունը փոխանցվել է Հայաստանին։