Ժողովրդավարության ամենակայացած ինստիտուտներն են`խոսքի ազատությունը, բազմակարծությունը, ձախողածը` ընտրությունները. քաղաքագետ

12:19 • 15.09.15

Խոսքի ազատություն, բազմակարծություն, հավաքների ազատություն, ինչ-որ առումով`   մարդու իրավունքներ. սրանք, ըստ քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի, Հայաստանում ժողովրդավարության ամենակայացած ինստիտուտներն են, իսկ ընտրությունները` ամենաձախողածն են:


Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը`  այսօր Ժողովրդավարության միջազգային օրվա առիթով անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարության անցած ուղուն, ընթացքին ու հանգրվանին:


«Բայց, համենայնդեպս, այդ առանցքային արժեքները հաստատ մեզանում ամրապնդվել են,  որովհետև ոչ ոք այսօր չի կարող ասել, որ Հայաստանում չկա բազմակարծություն, կամ հավաքների ազատություն, ինչը մի 10-15 տարի առաջ դրանց վիճակը հաստատ ավելի վատթար էր»,- հիմնավորեց Ստյոպա Սաֆարյանը:


Ինչ վերաբերում է ժողովրդավարության հաստատման ուղղությամբ մեր անցած ճանապարհին, ապա քաղաքագետը արձանագրեց, որ, թերևս, բավականին բարդ ճանապարհ անցանք:


«Մենք, խոշոր հաշվով, ձախողել ենք ժողովրդավարության թեստը: Ես չեմ ուզում ասել`Հայաստանը ավտորիտար է, կամ ինչ է,  բայց մենք ստեղծել ենք մի համակարգ, որտեղ մենք ժամանակ առ ժամանակ կարող ենք տեսնել  քաղաքական ռեժիմի  շատ կոշտ մեթոդներ, ապա` ձնհալ և այդպես շարունակ: Բայց,  ընդհանուր առմամբ, ժողովրդավարության ինստիտուտները մնում են չափազանց թույլ ու փխրուն»,- ավելացրեց քաղաքագետը:


Ամփոփելով` նա նշեց, որ կան երկրներ, որոնցից մենք այս առումով հետ ենք մնում և կան երկրներ, որոնցից առաջ ենք անցել, և երկրները, որոնցից առաջանցիկ դիրքերում ենք, ԵՏՄ մեր գործընկերներն են` Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղըզստանը: