Մեկնարկում է ՄԱԿ-ի ԳԱ 70-րդ նստաշրջանը. օրակարգում է ԵՏՄ-ին կառույցում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը

11:16 • 15.09.15

Լուսանկարը՝ AP Photo/ Frank Franklin II-ի


Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում այսօր մեկնարկում է համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 70-րդ նստաշրջանը։ Տարվա ընթացքում նիստերի ժամանակ կքննարկվի մոտ 170 հարց, գրում է РИА Новости-ն։

 

Հոբելյանական նիստը կբացի մեկ տարով ընտրված ԳԱ նախագահը՝ Դանիայի ներկայացուցիչ Մոգենս Լյուկետոֆտը։ Դրանից հետո, ավանդույթի համաձայն, կլինի լռության րոպե՝ նվիրված աղոթքին կամ մտորումներին։ Առաջին օրը կհամաձայնեցվեն աշխատանքի կազմակերպման և օրակարգի հաստատման հարցերը։

 

ԳԱ-ի նիստին բարձրացվելիք հարցերը բաժանված են մի քանի թեմատիկ բլոկների։ Կքննարկվեն միջազգային ֆինանսական համակարգի և առևտրի զարգացման, մշակութային արժեքներն իրենց ծագման երկրներ վերադարձնելու, զարգացող երկրներում մալարիայով հիվանդանալու ծավալների կրճատման, աղքատության վերացման, կանանց վիճակի բարելավման մասին թեմաները։

 

Նիստերի ընթացքում կքննարկվեն նաև միջազգային խաղաղության և անվտանգության հարցերը, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում, Պաղեստինի հարցը, Իսրայելի գործողությունները, իրավիճակն Աֆղանստանում, Կիպրոսում, զինված ագրեսիան Կոնգոյի Հանրապետության դեմ, փախստականների վիճակը, զինված հակամարտությունների կանխումն ընդհանրապես և շատ այլ հարցեր։

 

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախաձեռնությամբ՝ օրակարգում է նաև ԵՏՄ-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում դիտորդի կարգավիճակ տրամադրելու հարցը։

 

Հազարավոր փախստականների պատճառով Եվրոպայում զարգացող ճգնաժամի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հատուկ նիստ կանցկացնի սեպտեմբերի 30-ին։