ԱԺ-ում հիմնավորվեց, թե ինչու են կիսանախագահականից անցում կատարում խորհրդարանական կառավարման ձևին

15:11 • 15.09.15

Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից առաջարկված սահմանադրական փոփոխությունների նախագծի հիմնական զեկուցող, Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն անդրադարձավ նաև պետական մարմինների կառուցվածքին և կառավարման մարմինների հիմնախնդիրներին:


Նա հայտարարեց, թե նոր սահմանադրությամբ առաջարկ է կատարվում անցում գործող կիսանախագահականից խորհրդարանական համակարգին: 


Վարդան Պողոսյանը նշեց, որ իրենց հիմնական պատճառաբանությունն այն է, որ այդ համակարգը չի լուծում երկու առանցքային խնդիր: «Առաջինը՝ թե ինչ է տեղի ունենում, որ պառլամենտական մեծամասնությունը հակադիր է նախագահի տեսակետին»,- ասաց նա և հավելեց, թե դա կառաջացնի քաղաքական մեծ հակասություն, պարզ չէ, թե ինչպես է տեղի ունենում քաղաքական պատասխանատվության գործընթացը:


«Եթե ՀՀ նախագահը նշանակում է մի կառավարություն, որն իր ծրագրային քաղաքականությանը հակադրվում է, ապա մեծ բարդություններ են առաջանալու  ՀՀ նախագահի և կառավարության միջև»,- ասաց նա և ընդգծեց, թե դա է պատճառը, որ կիսանախագահական համակարգը համարվում է երկփեղկված:


«Առաջանում է նաև հակասություններ ԱԺ-Նախագահ հարաբերություններում, որոնք երկուսն էլ ունեն ուղղակի ժողովրդական մանդատ, և այն կարող  վերածվել առճակատումների»,- ասաց նա:


Ըստ նրա, քաղաքական մշակույթի պայմաններում կարող է համեմատաբար սահուն ընթանալ, բայց օրինակ բերեց արևելաեվրոպական երկրների ու Վրաստանի փորձը, երբ այդ հակամարտությունները կարող են վտանգավոր լինել միասնական քաղաքականության, միասնական անվտանգության, նաև տնտեսական հարցերի  ապահովման համար: 


Երկրորդ խնդիրը նրա խոսքով այն է, որ կիսանախագահականի դեպքում հնարավոր է, որ  ՀՀ Նախագահն ու ԱԺ-ն միակարծիք լինեն, ու այդ պարագայում խոսել իշխանությունների հավասարակշռման մասին փաստացի ավելորդ է: «ՀՀ նախագահը լինելով մեծամասնության լիդեր, գերակա դիրք ունի կառավարության նկատմամբ, և նման անհավասարակշռությունն անհնար է կարգավորել սահմանադրական ճանապարհով»,- ասաց նա:


Վարդան Պողոսյանը նկատեց, թե հնարավոր է երրորդ վիճակը, երբ կիսանախագահականի պայմաններում ԱԺ-ում չկան հստակ մեծամասնություններ և սուբյեկտիվ մոտեցմամբ է ընտրվում գործադիր մարմնի ղեկավար:


Նա օրինակ բերեց Վայմարյան Հանրապետությունը, երբ Ռայխսթագում երբեք չեն եղել կայուն մեծամասնություններ, ինչը խանգարող դեր է ունեցել: «Վայմարյան Հանրապետության վերջին ճակատագրական տարիներին՝ 32-33թթ-ին, երկրի նախագահը իշխանությունից հեռացրեց այն վարչապետին, որի նախագահն ուներ հարաբերական մեծամասնություն, և կանցլեր նշանակեց Ադոլֆ Հիտլերին, որը նախորդ ընտրությունների համեմատ ավելի քիչ ձայներ էր հավաքել: ՀՀ նախագահի վարքագիծը հնարավոր չէ կանխորոշել և գերմանական շատ հետազոտողներ գտնում են, որ եթե 33թ.-ին Հիտլերը չնշանակվեր կանցլեր, ապա պատմությունն այլ ընթացք կունենար»,- ասաց նա և հավելեց, թե եթե ԱԺ-ում չկա հստակ մեծամասնություն, ապա նախագահը կարող է ինչպես պոզիտիվ, այնպես էլ նեգատիվ ազդեցություն ունենալ:


«Պետք  է սահմանադրական լուծումների այնպիսի ճանապարհ գտնել, որ հնարավորինս նաև սուբյեկտիվ մոտեցումը բացառեն և հատկապես մեր երկրի պայմաններում այնպիսի վիճակ ստեղծեն, որ կառավարումը լինի արդյունավետ և գտնվի ԱԺ ժողովրդի ներկայացուցչական մարմնի արդյունավետ վերահսկողության ներքո»,- ասաց նա:


Նա նկատեց, թե խորհրդարանական ձևին անցնելու պարագայում կարող են լինել  պոտենցիալ մի քանի առավելություններ՝ կիսանախագահականի նկատմամբ և թվարկեց, որ հնարավոր է հասնել միասնական իշխանության, հատկապես՝ երկրի համար կենսական կարևորություն ունեցող ոլորտներում՝ ազգային անվտանգություն, պաշտպանություն:


«Խորհրդարանական համակարգը բացառում է խորհրդարանի և նախագահի միջև առճակատումը, պատահական անձանց իշխանության վտանգը զգալիորեն մեղմում է, ինչը կիսանախագահականում հնարավոր չէ բացառել: Պառլամենտական համակարգում չի կարող լինել իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության և վարչապետի ձեռքում»,-ասաց նա:


«Պառլամենտական համակարգի կարևորությունն այն է, որ ցանկացած կառավարություն կարող է գոյատևել և աշխատել արդյունավետ, միայն պառլամենտական մեծամասնության վստահությունը վայելելու դեպքում»,- ասաց նա ու հավելեց, թե կարևոր առավելություն է նաև այն, որ խորհրդարանական կառավարումն ավելի շատ է կոլեգիալ: