Իրանը Սիրիային ռազմական տեխնիկա է մատակարարում. Ասադ

09:24 • 16.09.15

Լուսանկարը՝ SANA via AP, File-ի

 

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զրուցել է ռուսական լրատվամիջոցների հետ։ Հարցազրույցի ընթացքում նախագահն անդրադարձել է նաև Սիրիայի հետ համագործակցող պետությունների մասին հարցին, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Այն հարցին, թե տարածաշրջանային գործընկերներից Սիրիան ո՞ւմ հետ է պատրաստ համագործակցել ահաբեկիչների դեմ պայքարում, սիրիացի նախագահը նշել է, որ իրենք պատրաստ են համագործակցության ցանկացած բարյացակամ տրամադրված պետության հետ։


«Իհարկե, մենք համագործակցում ենք բարեկամ երկրների հետ, նախևառաջ՝ Ռուսաստանի, Իրանի հետ։ Իրաքի հետ, որը նույնպես, ինչպես և մենք, պայքարում է ահաբեկչության դեմ։ Ինչ վերաբերում է մյուս պետություններին, ապա մենք բաց ենք համագործակցության համար նրանցից յուրաքանչյուրի հետ՝ ահաբեկչության դեմ լրջորեն պայքարելու ցանկության առկայության դեպքում»,- նշել է Սիրիայի նախագահը։

 

Խոսելով Իրանի մասին՝ Ասադը նշել է, որ այդ երկիրն աջակցում է սիրիական պետությանը քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում։ «Ռազմական աջակցության անվան տակ հասկացվում է ոչ այն, ինչ որոշ արևմտյան ԶԼՄ-ներ փորձում են մատուցել որպես Սիրիա ուղարկվող իրանական ռազմական ստորաբաժանումներ, դա ճիշտ չէ»,- ասել է նա։

 

«Թեհրանը մեզ ռազմական տեխնիկա է մատակարարում։ Բնականաբար, կատարվում է նաև Սիրիայի և Իրանի միջև ռազմական մասնագետների փոխանակում, սակայն այդ փոխանակումն իրականացվում է միշտ։ Իհարկե, նման երկկողմ համագործակցությունն ակտիվանում է պատերազմի պայմաններում»,- նշել է Բաշար ալ-Ասադը։