Ասադը մեղադրել է Արևմուտքին՝ «Իսլամական պետությունը» ստեղծելու և նրան աջակցելու համար
Լուսանկարը՝ SANA / HO / Global Look-ի
Թուրքիան, որը սերտ հարաբերություններ ունի Արևմուտքի հետ, զենք, գումար և կամավորներ է տրամադրում «Ջաբհաթ Ան-Նուսրա» և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություններին։ Նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ընթացքում։
Ընդ որում՝ Թուրքիայի նախագահը և վարչապետը, Ասադի խոսքով, ոչ մի քայլ չեն անի առանց, առաջին հերթին, ԱՄՆ-ի, ինչպես նաև արևմտյան այլ երկրների հետ համաձայնության, փոխանցում է Lenta-ն։
Սիրիայի նախագահի կարծիքով՝ այնպիսի երկրները, ինչպես Թուրքիան, Կատարը, Սաուդյան Արաբիան, ինչպես նաև՝ Ֆրանսիան, ԱՄՆ, որոնք աջակցում են ահաբեկիչներին, չեն կարողանում պայքարել ահաբեկչության դեմ։ Չի կարելի միաժամանակ դեմ լինել ահաբեկիչներին և լինել նրանց հետ, վստահ է նախագահը։
«Եվրոպան աջակցել է և շարունակում է աջակցել ահաբեկչությանը։ Նա ահաբեկիչներին անվանում է «չափավոր» և բաժանում է նրանց խմբերի։ Նրանք բոլորը ծայրահեղականներ են»,- նշել է Ասադը։
Խոսելով արևմտյան հակաահաբեկչական կոալիցիայի մասին՝ Ասադն ընդգծել է, որ այն պետք է գործի տարբեր ուղղություններով, սակայն, նախևառաջ, պետք է պայքարի ահաբեկիչների դեմ «դաշտում»։
«Նրանք ձևացնում են, թե հակաահաբեկչական կոալիցիայի մի մասն են, որը գործում է Սիրիայի հյուսիսում, թեև հենց իրենք էլ աջակցում են ահաբեկչությանը հարավում, հյուսիսում և հյուսիս-արևմուտքում։ Այսինքն՝ նույն տարածքներում, որտեղ նրանք վիրտուալ պայքարում են ահաբեկչության դեմ»,- ասել է Ասադը։
Նրա խոսքով՝ ԻՊ-ը և այլ խմբավորումներ արևմտյան ծայրահեղական նախագիծ են։










