Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանին «անվտանգության գոտու» ստեղծումն անընդունելի է. Ասադ

09:58 • 16.09.15

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն անընդունելի է համարում Թուրքիային հարող սիրիական տարածքներում «անվտանգության գոտու» ստեղծումը։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծման հարցը։

 

Նրա խոսքով՝ «Իսլամական պետության» զինյալների կամ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքներում Թուրքիայի և ԱՄՆ-ի ուժերը հարվածներ են հասցնելու։

 

«Եթե մենք ասում ենք, որ Թուրքիայի սահմանին չեն լինելու ահաբեկիչներ, դա նշանակում է, որ այլ շրջաններում նրանք մնալու են։ Նման հռետորաբանությունն ընդունելի չէ մեզ համար։ Ահաբեկչությունը պետք է ոչնչացվի ամենուր: Ավելի քան երեք տասնամյակ մենք կոչ ենք անում  դաշինք ստեղծել՝ ահաբեկչության դեմ պայքարելու համար»,- հայտարարել է Ասադը։

 

Նա նաև մեղադրել է Արևմուտքին՝ «Իսլամական պետությունը» ստեղծելու և նրան աջակցելու համար։ «Եվրոպան աջակցել է և շարունակում է աջակցել ահաբեկչությանը։ Նա ահաբեկիչներին անվանում է «չափավոր» և բաժանում է նրանց խմբերի։ Նրանք բոլորը ծայրահեղականներ են»,- նշել է Ասադը։