Հուսով ենք՝ ԼՂ հակամարտության կողմերը կանեն հնարավորը լարվածության թուլացման համար. Բաքվում Ֆրանսիայի դեսպան

12:19 • 16.09.15

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտության կողմերը կանեն հնարավորը լարվածության թուլացման համար, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը:


«Հույս ունեմ, որ կողմերը կանեն իրենցից կախված ամեն ինչ՝ լարվածության թուլացման համար, ինչի հետևանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվում»,- ասել է նա:

 

Նա նշել է, որ լարվածության հետևանքով երկու կողմերն էլ կորուստներ են ունենում։

 

«Վերջերս ես բանակցում էի Ադրբեջանում որոշ մարդկանց հետ, և նրանք ինձ պատմեցին, որ հայերն ու ադրբեջանցիները երկար տարիներ խաղաղ են ապրել: Շատերը հույս ունեն, որ այդ ժամանակները կվերադառնան: Դա կախված է նաև արտաքին գործոններից»,-ասել է նա:

 

Դեսպանը նաև մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հնարավոր հանդիպման կազմակերպումը:

 

«Ես կարդացի այդ մասին: Գիտեմ, որ համանախագահները (ԵԱՀԿ Մինսկի խմբի-Խմբ.) աշխատում են Նյու Յորքում արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար: Դրա հիմնական նպատակը, բնականաբար, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումն է»,-ասել է դեսպանը։