Ադրբեջանցի փախստականներն ու «օկուպացված տարածքները» դարձել են ադրբեջանական «շլյագեր». Դավիթ Բաբայան
Այն, ինչ ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ղարաբաղաադրբեջանական շփման գիծ այցելած ԵԽԽՎ պաշտոնյա Ռոբերտ Ոուլթերին, ոչ միայն նորություն չէ, այլև ադրբեջանական «շլյագեր է»:
Այս մասին Tert.am-ին հայտնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը` անդրադառնալով Հասանով-Ոուլթեր հանդիպման ընթացքում հնչեցվածին, որ ադրբեջանցի ավելի քան 1 միլիոն փախստական 20 տարուց ավելի ապրում է վտարանդու կարգավիճակով:
«Սա «շլյագեր» է, որի մասին իրենք անընդհատ երգում են»,- ասաց Դավիթ Բաբայանը ու շարունակեց. «Կարող եմ ասել, որ կարելի է ադրբեջանական դպրոցում նրան գերազանց գնահատական նշանակել, որովհետև լավ անգիր է սովորել: Այլ խնդիր է, որ իրենց ասածը իրականությանը չի համապատասխանում: Բայց դա բնական է, որովհետև եթե իրենք ամեն ժամ այդ մասին չկրկնեն, իրենք էլ կմոռանան, ինչպես մոռացել են այդ փախստականների կարիքների մասին, սեփական գրպաններն են լցնում»:
Հիշեցնենք, որ Ղարաբաղի իշխանությունները նշել էին, որ «Բռնության աճը ԼՂ-ում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցի հեղինակ Ռոբերտ Ոուլթերը լավ կանի, Ղարաբաղ չգա, քանի որ այնտեղ իրեն ոչ ոք չի պատրաստվում ընդունել: Այլ բան, որ գա որպես զբոսաշրջիկ, այցելի Գանձասար և այնտեղ ապաշխարի:










