Սպիտակ տան խոսնակը հայտնել է` որ դեպքում Օբաման հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

10:21 • 16.09.15

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կքննարկի Սիրիայի հարցը, երբ դա բխի Միացյալ Նահանգների շահերից: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը։

 

Ինչպես նշում է interfax.ru-ն, Էռնեստն Օբամա-Պուտին հեռախոսազանգի վերաբերյալ ասել է հետևյալը. «Երբ մեր թիմը` նախագահի գլխավորությամբ, որոշի, որ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցը բխում է մեր շահերից, ապա նա կվերցնի լսափողն ու կփորձի կապ հաստատել Պուտինի հետ»։

 

Միևնույն ժամանակ, մամուլի քարտուղարը խուսափել է պատասխանել այն հարցին, թե արդյոք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում 2 գերտերությունների ղեկավարների միջև հանդիպում է նշանակված։

 

Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ևս հաստատել էր, որ Օբամա-Պուտին հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա։