Քիշնևում բողոքի ցույցի մասնակիցները պիկետ են անում երկրի նախագահի նստավայրի դիմաց

12:21 • 16.09.15

Քիշնևում բողոքի ցույցի մասնակիցները պիկետ են անում Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի նստավայրի դիմաց՝ պահանջելով երկրի ողջ ղեկավարության հրաժարականը, հաղորդում է РИА Новости-ն:

 

Մոլդովայում արդեն երկրորդ շաբաթն է՝ DA («Արժանապատվություն և ճշմարտություն») քաղաքացիական հարթակի ներկայացուցիչները բողոքի ցույցեր են կազմակերպում:

 

Երկու մասշտաբային հանրահավաք է կազմակերպվել սեպտեմբերի 6-ին և 13-ին: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ դրանց, համապատասխանաբար, մասնակցել է 40 հազար և 15 հազար մարդ:

 

Հարթակի մասնակիցները հայտարարում են, որ երկրի իշխանությունները ենթարկվում են օլիգարխիկ շրջանակներին և նմանակում են եվրաինտեգրման գործընթացը: Նրանք կոչ են անում Մոլդովայի իշխանություններին հրաժարական տալ և արտահերթ խորհրդարանական ընտրություններ ու նախագահի ուղիղ ընտրություններ անցկացնել։

 

Նշվում է, որ չորեքշաբթի օրը երկրի ղեկավարի նստավայրի առաջ պիկետին մասնակցում է մոտ 100 մարդ։