Քննիչը Սուրիկ Խաչատրյանի որդու կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմում է ներկայացրել դատարան. փաստաբան

15:09 • 16.09.15

ՀՀ քննչական կոմիտեն Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին դիմում է ներկայացրել Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:


«Քննիչն այսօր միջնորդություն է ներկայացրել դատարան իմ պաշտպանյալի կալանավորման ժամկետը երկարացնելու համար. դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը:


Հիշեցնենք, որ Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 27-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը. նրա նկատմամբ սահմանվել է երկամսյա կալանք: Բացի այդ` դատարանը մերժել էր գրավի դիմաց Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու նրա փաստաբանների ներկայացրած միջնորդությունը:


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով հուլիսի 27-ին մեղադրանք է առաջադրվել հուլիսի 25-ին ձերբակալված Տիգրան Խաչատրյանին:


Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տիգրան Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս:


Ապացույցների համակցությամբ` Տիգրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: