Արևմուտքը ցանկանում է փոխել իշխանությունը Սիրիայում, Իրանում և Ռուսաստանում. Ասադ
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ռուս լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ Արևմուտքում իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ քարոզչական արշավ է տարվում՝ Սիրիայում և Ռուսաստանում իշխանափոխության նպատակով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Արևմուտքը չի ընկալում գործընկերների և ինքնիշխան պետությունների։ Իսկ ինչո՞ւմ են կայանում նրանց պահանջները՝ ուղղված Ռուսաստանին, Սիրիային, Իրանին։ Դրանք ինքնիշխան պետություններ են: Նրանք ցանկանում են հեռացնել մի մարդու և նրա փոխարեն մեկ ուրիշի դնել, ով կգործեր այդ երկրների շահերին, այլ ոչ իր հայրենիքի շահերին համապատասխան»,- ասել է Ասադը ռուսական «Ռոսիա 24» և RT հեռուստաալիքներով ցուցադրված հարցազրույցում:
Ասադը նշել է նաև, որ իր հրաժարականի մասին հարցը կարող է լուծել միայն սիրիացի ժողովուրդը։
«Ինչ վերաբերում է նախագահին, իշխանության նա գալիս է ժողովրդի ցանկությամբ, ընտրություններով, իսկ եթե հեռանում է, ապա ժողովրդի պահանջով, այլ ոչ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Ժնևի համաժողովի որոշմամբ: Եթե ժողովուրդը ցանկանա, որ նա մնա, նախագահը կմնա, իսկ հակառակ դեպքում՝ նա պետք է գնա: Ահա իմ սկզբունքային դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ»,- ասել է Ասադը ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում։
Ավելի վաղ հաղորդվել է, որ խոսելով Իրանի մասին՝ Ասադը նշել է, որ այդ երկիրն աջակցում է սիրիական պետությանը քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում։ «Թեհրանը մեզ ռազմական տեխնիկա է մատակարարում։ Բնականաբար, կատարվում է նաև Սիրիայի և Իրանի միջև ռազմական մասնագետների փոխանակում, սակայն այդ փոխանակումն իրականացվում է միշտ։ Իհարկե, նման երկկողմ համագործակցությունն ակտիվանում է պատերազմի պայմաններում»,- նշել է Բաշար ալ-Ասադը։










