Տաջիկստանում սպանվել է ապստամբ գեներալ Նազարզոդան. աղբյուր
Տաջիկստանի ուժայինները սպանել են ապստամբ գեներալ Աբդուհալիմ Նազարզոդային, գրում է gazeta.ru-ն:
Իրավիճակին ծանոթ աղբյուրի տեղեկություններով՝ Նազարզոդայի հետ միասին սպանվել են նրա մի քանի ուղեկիցներ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ապստամբ գեներալը թաքնվել է կիրճերից մեկում, որտեղ ուժայինները գործողություն էին իրականացնում նրա աջակիցների դեմ:
Գործողության ընթացքում մահացել է Նազարզոդայի խմբի ավելի քան 20 մարտիկ, 100-ից ավելին ձերբակալվել են։ Ուժայինների կողմից մարտերում մահացել է «Ալֆա» խմբի հրամանատար Ռուստամ Ամակիևը։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Տաջիկստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել երկրի պաշտպանության նախարարի նախկին տեղակալ գեներալ-մայոր Աբդուհալիմ Նազարզոդայի և պաշտպանության նախարարության գնդապետ Ջունայդուլո Ումարովի դեմ՝ Քրեական օրենսգրքի չորս հոդվածներով:
«Նազարզոդայի և Ումարովի դեմ քրեական գործեր են հարուցվել 179-րդ (ահաբեկչություն), 305-րդ (պետական դավաճանություն), 307-րդ (ծայրահեղական միության կազմավորում) և 309-րդ (դիվերսիա) հոդվածներով»,- ասված է գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
Քննչական մարմինների տվյալներով՝ Ումարովը և Նազարզոդան սեպտեմբերի 4-ի առավոտյան Դուշանբեում և Վահդատում զինված հարձակումների կազմակերպիչներն են։










