Տիգրան Բալայանը ոչ հերքեց, ոչ հաստատեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման լուրը
Նման հանդիպումների առաջարկություններն արվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Tert.am-ի հարցին, թե ճիշտ է արդյոք տեղեկատվությունը, որ սեպտեմբերի 24-25-ին Նյու Յորքում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, պատասխանեց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Նախարարների հանդիպումների, այցելությունների մասին, այդ թվում նաև Ձեր նշած ձևաչափով, մենք պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»,- հավելեց խոսնակը:
Հարցին, թե ըստ էության, ոչ հերքում, ոչ հաստատում է տեղեկատվությունը, Տիգրան Բալայանն արձագանքեց. «Կարող եք այդպես եզրակացնել»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-25-ին՝ Նյու Յորքում:










