Թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը. Է. Նալբանդյան

18:36 • 18.09.15

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր մասնակցել է Արևելյան գործընկերության անդամ երկրների տեղական և տարածքային իշխանության մարմինների խորհրդաժողովի` CORLEAP-ի բյուրոյի Երևանում կայացած հանդիպմանը:

 

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

 

Ողջույնի խոսքով դիմելով հանդիպման մասնակիցներին՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ նման ձևաչափով հանդիպումները կարևոր են և խթանում են տեղական և տարածքային իշխանության մարմինների միջև փոխգործակցությունը։

 

Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանում համագործակցությանը՝ նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ թե Ադրբեջանը, թե Թուրքիան խոչընդոտում են տարածաշրջանային փոխգործակցությանը:

 

Նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր նախագծերի շրջանակներում արդյունավետ համագործակցությանը՝ ընդգծելով.


«2009թ.-ից ի վեր Հայաստանի և Վրաստանի տարածաշրջանները ակտիվ համագործակցել են «Եվրոկովկաս» եվրոտարածաշրջանային նախագծի շրջանակներում: Վերջինս միտված է խթանելու միջսահմանային համագործակցությունը ու հնարավորություն է ընձեռում տեղական իշխանություններին ուղիներ փնտրելու ընդհանուր տարածաշրջանային տնտեսական և սոցիալական խնդիրների լուծման համար:


Մենք նաև արժևորում ենք Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի հետ համագործակցությունը Հայաստանում տեղական ժողովրդավարությունը խթանելու և ամրապնդելու գործում։ Դիտարկում ենք համագործակցությունը տեղական և տարածաշրջանային մակարդակներում, մասնավորապես՝ միջսահմանային համագործակցությունը՝ որպես հարևան երկրների հասարակությունների միջև կամուրջներ հաստատելու և տարածաշրջանային կայունությունը և կայուն զարգացումը խթանելու անհրաժեշտ միջոց»,-ասել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։